ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

September 13, 2024

Իրականությու՞ն, թե՞ սիմուլյացիա

Ի՞նչ կապ կա «Մատրիցա» ֆիլմի, սոցիալական մեդիայի, արհեստական բանականության և իրականության մեր ընկալման միջև։ Ժան Բոդրիյարի 1981 թվականին հրատարակված «Սիմուլյակր և սիմուլյացիա» փիլիսոփայական աշխատությունն առաջարկում է մտածելու հետաքրքիր շրջանակ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են իրականության պատկերներն ու ներկայացումները աստիճանաբար փոխարինել հենց իրականությանը։ Հոդվածում ներկայացվում են Բոդրիյարի հիմնական գաղափարները՝ սիմուլյացիան, սիմուլյակրը և հիպերիրականությունը, ինչպես նաև սիմուլյակրի զարգացման չորս փուլերը։ Դրանց միջոցով բացահայտվում է, թե ինչպես կարող է իրականությունն արտացոլող պատկերը վերածվել ինքնուրույն գոյություն ունեցող ներկայացման, որն այլևս հստակ կապ չունի իր սկզբնաղբյուրի հետ։ Տեսության գաղափարները դիտարկվում են առօրյա օրինակների միջոցով՝ Դիսնեյլենդի իդեալականացված աշխարհի, մշակութային խորհրդանիշների, սոցիալական մեդիայի և ինֆլյուենսերների ստեղծած կերպարների համատեքստում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև արհեստական բանականության դարաշրջանին։ AI-ի ստեղծած պատկերները, տեսանյութերը, deepfake-երը և թվային միջավայրերը նոր հարցեր են առաջացնում իրականն ու կեղծը տարբերելու, տեղեկատվությունը գնահատելու և սեփական ընկալումներին վստահելու վերաբերյալ։ Այս հոդվածը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են փիլիսոփայությամբ, մեդիայով, տեխնոլոգիաներով և ժամանակակից հասարակության զարգացումներով։ Բոդրիյարի գաղափարները հրավիրում են քննադատաբար դիտարկելու մեզ շրջապատող պատկերները և խորհելու մի կարևոր հարցի շուրջ․ մենք աշխարհն ընկալո՞ւմ ենք այնպես, ինչպես այն կա, թե՞ ավելի ու ավելի շատ ապրում ենք դրա ստեղծված ու մշակված պատկերների մեջ։

Սիմուլյակր և սիմուլյացիա.

Գիրք, որը կանխագուշակեց մեր հիպերիրական աշխարհը

«Մատրիցայի» սկզբնական տեսարանում Նեոն փնտրում է մի գիրք, որը թվում է աննկատ, բայց նշանակությունը խորն է՝ Ժան Բոդրիյարի «Սիմուլյակր և սիմուլյացիա»: Այս փիլիսոփայական աշխատանքը խորանում է իրականության փլուզման մեջ՝ սիմուլյացիաների ծանրության տակ, մի հայեցակարգ, որը կենտրոնական է ինչպես ֆիլմի, այնպես էլ մեր ժամանակակից աշխարհի համար։

Հասկանալով սիմուլյացիան, սիմուլյակրը և հիպերիրականությունը.

Բոդրիյարի 1981 թվականին հրատարակված «Սիմուլյակր և սիմուլյացիա» աշխատությունն ուսումնասիրում է՝ ինչպես են իրականության ներկայացումները՝ լրատվամիջոցների, խորհրդանիշերի և տեխնոլոգիաների միջոցով ավելի ու ավելի փոխարինում այն ​​իրականությանը, որը պիտի արտացոլեին։ Բոդրիյարն այսպես է ներկայացնում հիմնական հասկացությունները.

- Սիմուլյացիան մոդելների կամ ներկայացումների ստեղծումն է, որոնք ընդօրինակում կամ կրկնօրինակում են իրականությունը։ Ժամանակի ընթացքում այս մոդելավորումները կարող են այնքան համոզիչ դառնալ, որ ընկալվեն որպես իրականություն։

- Սիմուլյակրը ներկայացումների հաջորդական փուլերն է, որն աստիճանաբար կորցնում է ցանկացած կապ «իսկական» իրականության հետ։ Իրենց վերջնական փուլում սիմուլյակրը գոյություն ունի ինքնուրույն, առանց որևէ իրական աշխարհի հետ կապի։

Սիմուլյակրի էվոլյուցիան.

Բոդրիյարի սիմուլյակրների տեսությունը նկարագրում է, թե ինչպես են պատկերացումները զարգանում՝ իրականությունն արտացոլող պատճեններից վերածվելով պատկերների, որոնք այլևս որևէ առնչություն չունեն իրական աշխարհի հետ։ Նա այս զարգացումն ընդգծում է չորս փուլերով.

1. Առաջին փուլն իրականության ճշգրիտ պատճենումն է։ Սիմուլյակրը սերտորեն կապված է իրականության հետ և ծառայում է որպես իրական ինչ-որ բանի ուղղակի արտացոլում։ Օրինակ, լանդշաֆտի ռեալիստական ​​նկարը կամ քաղաքի մանրամասն քարտեզը առաջին փուլի սիմուլյակրում է։ Իրականի հետ կապը պարզ է ու անսխալ։

2. Երկրորդ փուլ. այստեղ պատճենը աղավաղում կամ ուռճացնում է բուն իրականությունը։ Սիմուլյակրը կարող է ավելացնել տարրեր, որոնք չկան բնօրինակում՝ ստեղծելով իրականության իդեալականացված կամ փոփոխված տարբերակ։ Դրա դասական օրինակը գովազդն է, որտեղ պատկերված ապրանքների հատկանիշները չափազանցված են՝ իրականությունը ներկայացնելով ավելի գրավիչ, քան այն կա։ Իրականության հետ հարաբերումը թեև կա, բայց պատճենն ավելի միջնորդված է այլ ցանկություններով կամ մտադրություններով։

3. Երրորդ փուլ. այս փուլում սիմուլյակրումը ձևացնում է՝ նմանակել իրականությունը, բայց թաքցնում է իրականության ցանկացած նմանակում։ Այն ներկայացնում է գոյություն չունեցող կամ ամբողջությամբ հորինված իրականություն։ Սա հաճախ երևում է քարոզչական կամ լրատվական նյութերում, որտեղ իրադարձությունները պատկերված են այնպիսի ձևով, որը ծառայում է տարբեր գաղափարական նպատակների՝ քողարկելով հիմքում ընկած ճշմարտությունը։ Այս նմանակումը պարզապես չի խեղաթյուրում իրականությունը. այն ստեղծում է բոլորովին նոր տարբերակ, որն էլ մարդիկ ընդունում են որպես իրականություն, այնինչ դա կառուցված պատրանք է։

4. Չորրորդ փուլ. այս վերջին փուլում սիմուլյակրումը դառնում է մաքուր սիմուլյացիա՝ առանց «իսկական» իրականության հետ կապի։ Այն ունենում է ինքնուրույն գոյություն և կարող է ընդունվել որպես իրականություն՝ առանց բնօրինակի անհրաժեշտության։ Այս օրինակը կարելի է գտնել թվային աշխարհում, որտեղ թվային սիմուլյակրն ինքնուրույն կյանք ունի՝ հաճախ դառնալով ավելի ազդեցիկ կամ նշանակալից, քան այն անձը կամ առարկան, որը պետք էր ներկայացնել։

Սիմուլյակրն առօրյա կյանքում.

Բոդրիյարի սիմուլյակրի տեսությունը վերացական չէ. այն դրսևորվում է առօրյա կյանքում։ Օրինակ՝ երբ երիտասարդ աղջիկներին խնդրում են նկարել արքայազն, նրանք հաճախ նկարում են Դիսնեյի, այլ ոչ թե իրական, պատմական կերպարներ։ Ֆիլմերից և լրատվամիջոցներից ստացված այս կերպարները նրանց մտքում իրական արքայազնին փոխարինել են կրկնօրինակով. արքայազնի միջնադարյան կերպարը վերածվել է երևակայական և անիմացիաներով ստեղծված նոր կերպարի։

Մի այլ օրինակ՝ Հայաստանում մի խանութի դիմաց տեղադրված էր դեղին ավտոբուս իբրև «վերադառնալով դպրոց»-ի խորհրդանիշ, որը ամերիկյան հայտնի խորհրդանիշի կրկնօրինակումն է։ Հայաստանը դեղին դպրոցական ավտոբուսներ չունի. գաղափարը կրկնօրինակվել է հոլիվուդյան ֆիլմերից։ Այս դեղին ավտոբուսը սիմուլյակրում է մի պատկեր, որը կտրված է իր սկզբնաղբյուրից և փոխպատվաստված իրականության մեջ, որում այն գույություն չունի։ Սա ներկայացում է, որն այլևս չի վերաբերում իր բնօրինակին (ամերիկյան դպրոցական ավտոբուսներին)։ Ավելին՝ գոյություն ունի այլ նպատակով՝ հավանաբար գովազդի ընթացքում մարդկանց մոտ ամերիկյան ֆիլմերի ծանոթ պատկերներն առաջացնելու համար։

Հիպերիրականությունը՝ նոր իրականություն.

Սիմուլյակրների զարգացման փուլերն ավարտվում են նրանով, ինչը Բոդրիյարը կոչում է «հիպերիրականություն»։ Հիպերիրական աշխարհում մարդիկ շփվում են այս սիմուլյակրների հետ այնպես, կարծես նրանք «իսկական» իրականությունն են՝ հաճախ մոռանալով, որ երբևէ իրական ոչ բան չեն էլ են պարունակել։

Դիսնեյլենդը, օրինակ, առաջարկում է իրականության իդեալական տարբերակ, որն այցելուների համար ավելի գրավիչ և հաճելի է, քան իրական աշխարհը։ Այս հիպերիրական միջավայրում ֆանտաստիկ աշխարհների, կատարյալ փողոցների և ժպտացող կերպարների խնամքով մշակված սիմուլյակրները ստեղծում են ավելի ցանկալի իրականություն, քան դրսի անկատար, առօրյա աշխարհն է։ Բոդրիյարը նշում է՝ հիպերիրականության մեջ իրականի և երևակայականի սահմանը փլուզվում է, և սիմուլյակրն է դառնում մեր նոր իրականությունը։

Բոդրիյարի գաղափարներն այսօր ավելի քան արդիական են։ Սոցիալական մեդիա հարթակները, ինչպիսին Ինստագրամն է, ստեղծում են կյանքի իդեալականացված, մշակված տարբերակներ, որոնք լղոզում են իրական և արհեստական ​​փորձառությունների միջև սահմանները։

Ինֆլյուենսերները հաճախ ներկայացնում են իրենց այլոց նմանակելով, իսկ հետևորդներն էլ նրանց ընկալում են իրական. աա է Բոդրիյարի հիպերիրականության տեսությունը։

Թվային իրականության (VR) և լրացյալ իրականության (AR) տեխնոլոգիաները ավելի են լղոզում այս սահմանը՝ առաջարկելով խորը փորձառություններ, որոնք մեծ մարտահրավեր են ֆիզիկական աշխարհի մեր ընկալմանը։ Արդյունքում՝ այս միջավայրերում իրականն ու թվայինը տարբերելը դառնում է ավելի անհասկանալի։

Արհեստական բանականությունը և սիմուլյացիայի նոր սահմանը.

Արհեստական բանականությունը (AI) նոր հարթության վրա դրեց Բոդրիարի տեսությունը։ «AI»-ի ստեղծած բովանդակությունը, կեղծ տեսանյութերը և սոցիալական մեդիայի բոտերը ստեղծում են սիմուլյացիաներ, որոնք կարող են չտարբերվել մարդու կողմից ստեղծված բովանդակությունից՝ բարդացնելով իրականությունը սիմուլյացիայից տարբերելու մեր կարողությունը։

«Deepfakes»-ը, օրինակ, ստեղծում է հիպերիրական տեսահոլովակներ, որտեղ մարդիկ կարծես անում կամ ասում են բաներ, որոնք երբեք չեն արել՝ շահարկելով հանրային ընկալումը։ «AI»-ի կողմից ստեղծված նորությունների հոդվածները և սոցիալական մեդիայի բոտերը հագեցնում են թվային միջավայրը հիպերիրական բովանդակությամբ՝ ավելի խորացնելով իրականության և սիմուլյացիայի սահմանները։

Իրականությունը հիպերիրականությունից տարբերելու կարևորությունը.

Մեր ավելի ու ավելի նմանվող աշխարհում շատ կարևոր է հասկանալ հիպերիրականության և իրականության միջև եղած տարբերությունը։ Անկախ նրանից, դուք հանդես եք գալիս ձեր անձնական փորձառությամբ, թե կառուցում եք բիզնես, իրականն և սիմուլյացիան տարբերելը կարող է խորապես ազդել ձեր որոշումների և ընկալումների վրա։ Դա չանելու դեպքում կարող եք շփվել կամ նույնիսկ ձեր ռազմավարությունը հիմնել պատրանքների, այլ ոչ թե շոշափելի իրողությունների վրա, ինչը կարող է զգալիորեն ծանր հետևանքներ ունենալ։

Բոդրիյարի ժառանգությունը «AI»-ի դարաշրջանում

Բոդրիյարի «Սիմուլյակր և սիմուլյացիա»-ն առաջարկում է կրիտիկական շրջանակ տեխնոլոգիայի և իրականության հետ մեր հարաբերությունները հասկանալու համար։ Քանի որ «AI»-ը շարունակում է զարգանալ՝ ստեղծելով ավելի համոզիչ սիմուլյացիաներ, Բոդրիյարի նախազգուշացումները իրականը հիպերիրականի փլուզման մասին դառնում են ավելի արդիական։

Մի աշխարհում, որտեղ արհեստական բանականությունը կարող է նմանակել մարդու ստեղծագործությունը, որտեղ սոցիալական մեդիան ջնջում է իրականի և բեմադրության սահմանը, իսկ վիրտուալ միջավայրերը մարտահրավեր են նետում մեր ընկալմանը, Բոդրիյարի աշխատանքը հիշեցնում է՝ կասկածի տակ դնել մեր ապրած իրականության բնույթը։ Արդյո՞ք մենք շփվում ենք աշխարհի հետ այնպես, ինչպես այն կա, թե՞ պարզապես շփվում ենք իրականին փոխարինելու եկած սիմուլյացիաների հետ։

‍