Միասնականության առասպելը
Արդյո՞ք հասարակական և պատմական մեծ փոփոխությունները հնարավոր են միայն միասնականության ու մեծամասնության համաձայնության պայմաններում։ Այս հոդվածը մարտահրավեր է նետում այդ պատկերացմանը՝ ներկայացնելով, թե ինչպես կարող են անհատներն ու փոքր, նպատակասլաց խմբերը փոխել հաստատված համակարգերը և ազդել պատմության ընթացքի վրա։ Հիմնվելով Նասիմ Նիկոլաս Թալեբի «Փոքրամասնության կանոնի» գաղափարի, Նիլ Ֆերգյուսոնի «Հրապարակն ու աշտարակը» և Ջեյմս Բըրնհեմի «Մաքիավելականները․ իշխանության պահապանները» աշխատությունների վրա՝ հոդվածը բացահայտում է փոքրամասնությունների ազդեցության, մարդկային ցանցերի և իշխանության մեխանիզմները։ Հոդվածում քննարկվում են երեք առանցքային գաղափարներ՝ Փոքրամասնության ուժը․ ինչպես կարող են հաստատակամ և սկզբունքային մարդիկ ազդել մեծամասնության վարքագծի ու հասարակական նորմերի վրա։ Մարդկային ցանցերն ընդդեմ կենտրոնացված իշխանության․ ինչպես են գաղափարները տարածվում մարդկանց կապերի, համայնքների և հաղորդակցության հարթակների միջոցով։ Նախաձեռնողականությունը՝ որպես փոփոխության շարժիչ ուժ․ ինչու երբեմն ավելի արդյունավետ է սկսել գործել՝ բոլորի համաձայնությանը սպասելու փոխարեն։ Պատմական օրինակների և փիլիսոփայական գաղափարների միջոցով հոդվածն անդրադառնում է նաև էլիտաների շրջանառությանը, ազդեցության մեխանիզմներին և այն հանգամանքին, թե ինչպես են նոր գաղափարները հաղթահարում հասարակության դիմադրությունը։ Վերջում ներկայացվում են գործնական եզրահանգումներ նրանց համար, ովքեր ցանկանում են առաջ մղել նոր գաղափարներ, ձևավորել ազդեցիկ համայնքներ և փոփոխություններ իրականացնել իրենց մասնագիտական կամ հասարակական միջավայրում։ Հոդվածին կից առաջարկվող գրականությունը՝ Նասիմ Նիկոլաս Թալեբի, Նիլ Ֆերգյուսոնի, Ջեյմս Բըրնհեմի, Էրիկ Հոֆերի, Ռոբերտ Չալդինիի և Մարկ Գրանովետերի աշխատությունները, հնարավորություն կտա ավելի խորությամբ ուսումնասիրել իշխանության, սոցիալական ազդեցության և հասարակական փոփոխությունների մեխանիզմները։ Հիմնական միտքը․ փոփոխություն սկսելու համար միշտ չէ, որ անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը։ Երբեմն բավական է գաղափարին հավատացող, նախաձեռնող և հետևողական մարդկանց փոքր խումբ, որը պատրաստ է առաջին քայլն անել։

Ինձ համար պատմության ամենահետաքրքիր շրջանները կտրուկ փոփոխություններով լի ժամանակաշրջաններն են։ Թվում է, թե դրանց նախապայմանը միասնականությունն է, երբ հասարակությունը համախմբվում է մի գաղափարի շուրջ և համատեղ գործում այդ նպատակին հասնելու։ Սակայն փորձն այլ բան է վկայում․ պատմությունն ավելի խորը ուսումնասիրելիս երևում է՝ ամենամեծ ու կտրուկ փոփոխությունների պատճառ են դառնում փոքրածավալ, հաճախ ուշադրության չարժանացող գործողությունները։
Ակնարկագիր, մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբն այս երևույթն անվանել է «Փոքրամասնության կանոն»։ Ըստ նրա՝ երբեմն բավական է, որ համառ և անզիջում մարդկանց մի փոքր խումբ որոշակի չափանիշներ առաջադրի, և ամբողջ հասարակությունը պարզապես հարմարվում է դրանց։ Միգուցե պատճառն անտարբերությունն է, կամ բանավեճի բռնվելու և պայքարելու չկամությունը՝ ի վերջո հետևելը միշտ ավելի հեշտ է, քան առաջնորդելը։
Շատերիս թվում է՝ առաջընթացն անհնար է առանց միասնականության։ Հաճախ ենք լսում համախմբվելու և «մեկ մարդու պես» գործելու կոչ անող կարգախոսներ։ Բայց եթե խորանանք, կհասկանանք՝ երբեմն «միավորվելու» կոչերն ավելի շատ ձգձգում են գործընթացները, քան նպաստում դրանց իրականացմանը։ Միասնական համաձայնության արժանանալու, գաղափարները բոլորի համար ընդունելի դարձնելու համար՝ դրանք հաճախ «լղոզում են», դարձնում մակերեսային, անվերջ քննարկում՝ առանց շոշափելի արդյունքների հասնելու։ Գործնականում ավելի հեշտ է գտնել նպատակասլաց, սկզբունքներով և մտածելակերպով իրար նման մարդկանց, ովքեր միահամուռ կպայքարեն այն գաղափարների համար, որոնց իրապես հավատում են։
Մարդկային խմբերն ընդդեմ հիերարխիաների
«Հրապարակն ու Աշտարակը. ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք» գրքում Նիլ Ֆերգյուսոնն անդրադառնում է պատմական իրադարձություններին, իշխանություններին, մարդկային կապերին և փոփոխությունների իրական հեղինակներին։ Մինչ իշխանությունները որոշումներ են կայացրել իրենց «աշտարակներում», իրական իշխանությունը պատկանել է «հրապարակին»։ Վաճառականները, մտավորականները, ակտիվիստները, իշխանության օղակից դուրս լինելով հանդերձ, կարողացել են համագործակցել և ստեղծել ազդեցիկ ցանցեր, որոնք հաճախ պատմական իրադարձությունների կիզակետում էին։ Տպագրատները, Լուսավորության դարաշրջանում կազմակերպվող հասարակական քննարկումները, համացանցը, սոցիալական ցանցերը նպաստել են մարդկային կապերի, ցանցերի ստեղծման՝ ունակ խաթարելու կենտրոնացված վերահսկողությունը։
Շատ փոքր խմբերը կամ նույնիսկ անհատները, մարդկային կապերն ու ցանցերը ճիշտ օգտագործելու դեպքում, կարող են հետևորդների մեծ քանակ ձևավորել։ Համացանցում տեղադրված հրապարակումն այսօր կարող է հասնել աշխարհի ամենատարբեր անկյուններում գտնվող միլիոնավոր մարդկանց և ավելի ազդեցիկ լինել, քան ցանկացած պաշտոնական հայտարարություն։ Երևույթը սակայն նոր չէ․ ճիշտ է նախկինում սոցիալական ցանցեր չկային, սակայն նամակներն ու թռուցիկները հեղափոխական գաղափարները շրջանառում էին կայծակնային արագությամբ, և իշխանությունների կողմից դրանց տարածումը զսպելու բոլոր ջանքերն ապարդյուն էին։
Ազդեցիկ փոքրամասնություններն ընդդեմ մեծամասնության

Ջեյմս Բըրնհեմը «Մաքիավելականները․ իշխանության պահապանները» գրքում անդրադառնում է Մաքիավելիին, Մոսկային, Պարետոյին, Միխելսին, ովքեր այն կարծիքին էին, որ հասարակությունները միշտ էլ կառավարում են էլիտար խմբերը, որոնք ժամանակի ընթացքում փոխվում են։ Ըստ նրանց՝ պատմությունը գրում են իշխանության եկած հաղթողները, ոչ թե՝ մեծամասնությունը։
Ըստ Բըրնհեմի՝ իշխանությունը մեծամասնության միակարծիք լինելու արդյունք չէ։ Իշխանությունը ստանձնում են, և ժամանակ առ ժամանակ կորցնում, հատընտիր մարդկանց խմբեր, ովքեր, պահը չկորցնելով, կարողանում են համախմբվել և գործել։ Ըստ Պարետոյի «էլիտաների շրջանառության» հայեցակարգի՝ իշխող փոքրամասնությանը փոխարինում է հաջորդը․ փոփոխություն, որի համար բոլորի համաձայնությունն ամենևին անհրաժեշտ չէ, «նախկիններին» հեռացնելու համար բավական է ունենալ կամք և ճիշտ ռազմավարություն։
Նախաձեռնողականություն. իրական փոփոխության շարժիչ ուժը
Այս գաղափարների հիմքում ընկած կարևոր գործոնը թերևս նախաձեռնողականությունն է, կամ, պարզ ասած, գործելու կամքը։ Երբ որևէ անհատ կամ խումբ որոշում է հաստատակամ գործել փոփոխության հասնելու համար․ առանց թույլտվություն հարցնելու կամ ավելի բարենպաստ պայմանների սպասելու։ Նրանք պարզապես գործում են և այդ գործողություններով ստիպում ուրիշներին արձագանքել։ Նախաձեռնողական մարդիկ թևաթափ չեն լինում մեծամասնության անտարբերության կամ իրենց հետ համակարծիք չլինելու պատճառով։ Ավանդականի փոխարեն նրանք հաճախ ստեղծում են նորը՝ նոր հարթակներ, լուծումներ, ուղիներ՝ հաստատակամ հավատալով իրենց նպատակին։ Ժամանակի ընթացքում այդ հաստատակամությունը թույլ է տալիս վերափոխել ոլորտներ և քաղաքական համակարգեր։
Մի քանի եզրահանգում
Մի՛ սպասեք բոլորին․ իհարկե, միասնական ջանքերն ավելի արդյունավետ կարող են լինել, բայց փորձը ցույց է տալիս, որ լավագույն գաղափարներն ու դրանց իրականացումը կախված են անհատներից՝ իրենց գործին ու նպատակներին նվիրված և դրանց իրականացմանն անվերապահորեն հավատացող մարդկանցից։
Օգտագործե՛ք մարդկային կապերն ու ցանցերը․ համակարգերը ճկուն չեն և դրանց փոփոխության համար ժամանակ է պահանջվում։ Ընկերական խմբերը, առցանց համայնքները, մասնագիտական միավորումները արդյունավետ հարթակ են գաղափարների տարածման և աջակիցներ ներգրավման համար։
Եղե'ք իրատեսական․ եթե ձգտում եք փոփոխության, հիշեք «Էլիտաների տեսությունը»․ մեծամասնության համաձայնությանն ու համակրանքին սպասելու փոխարեն, հասկացե՛ք և նշանակետում պահե՛ք իշխանությունը վերահսկող խմբերը։
Հաստատակամ եղե՛ք․ Թալեբի «Փոքրամասնության կանոնը» մտապահելով՝ եղե՛ք անզիջում, հետևողական և սկզբունքային։ Թերևս ժամանակի ընթացքում մարդիկ ընդդիմանալու փոխարեն գերադասեն ընդունել ձեր տեսակետը։
Ոմանք պնդում են, որ միասնականության բացակայությունը պառակտում է հասարակությունն ու կարող է կործանարար լինել։ Սակայն, համաձայնե՛ք, պարտադրված միասնականությունն է՛լ ավելի վտանգավոր է։ Ցանկաած առաջընթացի, ցանկացած նորարարության հիմքում մարդիկ են, ովքեր հակառակվել են մեծամասնության կարծիքին, ընդունվածին, ավանդականին։ Պատմությունը լի է նման օրինակներով։ Համընդհանուր միասնականությունն անհատների և փոքր խմբերի հետևողական, համառ, երկարատև աշխատանքի վերջնարդյունքն է։
Այնպես որ, երբ հերթական անգամ, լսեք, որ առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է համախմբել բոլորին, հիշե՛ք այն մարդկանց, ովքեր առանց վարանելու պայքարել են կարծրացած գաղափարախոսությունների դեմ՝ հռոմեական կայսրերին հակառակվող քրիստոնյաներին, թեյով լի արկղերը Բոսթոնի նավահանգիստ նետած ամերիկացի գաղութարարներին, բանտարկված Գալիլեյին և շատ շատերին, ովքեր չեն սպասել մեծամասնությանը, նախընտրել են գործել և, ի վերջո, փոխել են աշխարհը։
Առաջարկվող գրականություն
1. Nassim Nicholas Taleb – “Skin in the Game” (Նասիմ Նիկոլաս Թալեբ– «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է»)
2. Niall Ferguson – “The Square and the Tower: Networks and Power, from the Freemasons to Facebook” (Նիլ Ֆերգյուսոն «Հրապարակն ու աշտարակը. ցանցերն ու իշխանությունը մասոններից մինչև Ֆեյսբուք»)
3. James Burnham – “The Machiavellians: Defenders of Freedom”
4. Eric Hoffer – “The True Believer”
5. Robert Cialdini – “Influence:Science and Practice”
6. Mark Granovetter – “The Strength of Weak Ties” (Մարկ Գրանովետեր. «Թույլ կապերի ուժը»
7. Joseph Overton – “Overton Window” concept (Ջոզեֆ Օվերտոն «Օվերտոնի պատուհան»)
%201.png)


