ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

January 14, 2026

Լավամարդը

Ինչո՞ւ ենք հաճախ համաձայնում անել մի բան, որը չենք ցանկանում կամ չենք կարող կատարել։ Ինչո՞ւ է մեզ համար դժվար «ոչ» ասելը, և ինչպե՞ս է բոլորին հաճոյանալու ցանկությունը վերածվում անվստահության աղբյուրի։ Այս հոդվածը սկսվում է Լոս Անջելես թռչող ինքնաթիռում տեղի ունեցած մի պատմությունից։ Մի կին համաձայնել էր հարևանի համար դեղեր տեղափոխել, բայց դրանք թողել էր տանը՝ փոխարենը մտադրվելով ասել, թե դեղերն առգրավվել են մաքսատանը։ Այս պատմությունը դառնում է առիթ՝ խորհելու ազնվության, պատասխանատվության և խոստումների իրական արժեքի մասին։ Հոդվածում քննարկվում են կեղծ համաձայնության հետևանքները և այն, թե ինչպես կարող է չկատարված խոստումը զրկել դիմացինին այլընտրանք գտնելու հնարավորությունից՝ նրան թողնելով անորոշության ու սպասման մեջ։ Հիմնական գաղափարներն են՝ Ազնիվ մերժումը հարգանքի դրսևորում է։ Հստակ «ոչ»-ը դիմացինին հնարավորություն է տալիս ժամանակին գտնել այլ լուծում։ Հուսալիությունն ավելի կարևոր է, քան բոլորին հաճոյանալը։ Վստահությունը ձևավորվում է ոչ թե մեր խոստումների քանակով, այլ դրանք կատարելու պատրաստակամությամբ։ Անձնական սահմանները առողջ հարաբերությունների հիմքն են։ Սեփական հնարավորությունների սահմաններում գործելը պատասխանատվության նշան է, ոչ թե եսասիրություն։ Վստահությունը կարևոր է նաև բիզնեսում։ Երբ խոստումները կանխատեսելի չեն, ավելանում են վերահսկողության, կրկնակի ստուգումների և անորոշությունը կառավարելու ծախսերը։ Հոդվածն անդրադառնում է նաև հայկական միջավայրում «լավամարդ» երևալու ձգտմանը և այն հակասությանը, երբ կարճաժամկետ անհարմարությունից խուսափելու համար զոհաբերում ենք երկարաժամկետ վստահությունը։ Վերջնական ուղերձը պարզ է․ պետք չէ բոլորին հաճոյանալ՝ հուսալի մարդ լինելու համար։ Երբեմն ամենապատասխանատու քայլը մերժելն է, իսկ ամենաարժեքավոր «այո»-ն այն է, որի հետևում իրական գործողություն կա։ Այս հոդվածը բոլոր նրանց համար է, ովքեր ցանկանում են կառուցել ավելի ազնիվ հարաբերություններ, հստակեցնել անձնական սահմանները և զարգացնել վստահության վրա հիմնված մշակույթ՝ թե՛ անձնական կյանքում, թե՛ աշխատանքում։

Վերջերս, դեպի Լոս Անջելես թռիչքիս ժամանակ, ինքնաթիռում կողքիս նստած էր մոտ 65 տարեկան մի կին։

Մենք թեթև զրույցի բռնվեցինք՝ այն սովորական, թեթև զրույցներից, որ հաճախ են հանդիպում ինքնաթիռում։ Սկզբում նա փորձում էր խոսել ռուսերենով ու անգլերենով, բայց երբ հասկացավ, որ հայ եմ, դեմքը փայլեց։ Սկսեց իր կյանքից պատմություններ պատմել։

Պատմություններից մեկը այնքան զարմացրեց ինձ, որ որոշեցի գրեմ այդ մասին։

Նա պատմեց, որ նախքան մեկնելը, հարևաններն ու բարեկամները, ինչպես սովորաբար լինում է, երբ ինչ-որ մեկը ԱՄՆ է մեկնում, եկել էին իր մոտ տարբեր խնդրանքներով։ Հարևաններից մեկը խնդրել էր իր հետ դեղեր տանել Լոս Անջելեսի իր բարեկամի համար։ Կինը համաձայնել էր։

Հետ պարզվեց, որ նա այդ դեղերը իր հետ նույնիսկ չէր էլ վերցրել․ թողել էր տանն ու մեկնել։ Միգուցե մտածեք մոռացել էր վերցնել։ Ցավոք՝ ոչ։ Նա հենց այդպես էլ ծրագրել էր․ հասնել Լոս Անջելես ու հարևանին ստել, թե իբր մաքսատանն առգրավել են դեղերը։

Ամենատարօրինակն այն էր, որ կինը սա չէր պատմում մեղքի զգացումով, այլ ներկայացնում էր որպես «հնարամիտ» քայլ։ Այդ կնոջ համար ստել ու վատ հետևանքներ բերող քայլ անելն ավելի հեշտ էր, քան պարզապես «ոչ» ասելը։

Հայաստանում մենք սա տեսնում ենք ամենուր։ Մենք ունենք մի մշակույթ, որն առաջնահերթությունը տալիս է տվյալ պահին «լավամարդ» երևալուն՝ ի հակակշիռ երկարաժամկետ հեռանկարում հուսալի մարդ լինելուն։

Կեղծ «այո»-ի գինը

Երբ դու մեկին ասում ես, որ կօգնես ու հետո չես պահում խոստումդ, ստացվում է, որ դու ոչ միայն արժեք չես ստեղծում, այլև գողանում ես այդ մարդու՝ այլընտրանք գտնելու հնարավորությունը։

Եթե այդ կինը հարևանին ասեր. «Ինձ հարմար չէ դեղեր տեղափոխել, կարող եմ խնդիրների առաջ կանգնել», հարևանը մեկ ուրիշին կգտներ։ Ասելով «այո» ու հետո չլինելով իր խոսքի տերը՝ նա գցեց հարևանին կեղծ ապահովության թակարդի մեջ՝ խլելով այլընտրանքի հնարավորությունից։  Նա կեղծ բարյացակամությանանվան տակ, կատարեց շատ վատ քայլ։

Իրականում,  սա ազնվության բացակայություն էր։

«Այո» ասելը, իսկ հետո ասածը չկատարելը կամ անհետանալը թողնում է դիմացինին սպասման, կասկածի և անորոշության մեջ՝ առանց հասկանալու՝ շարունակե՞լ, թե՞ շարժվել առաջ։

Միանգամից «ոչ» ասելը շատ ավելի հարգալից և մարդկային քայլ է։ Դա հնարավորություն է տալիս դիմացինին արագ կողմնորոշվել, գտնել այլ լուծումներ և չկորցնել ժամանակը։ Իսկ կեղծ «այո»-ն կամ անվերջ ձգձգումը դառնում է բեռ դիմացինի ուսերին՝ խլելով նրա ռեսուրսը, էներգիան և երբեմն՝ նույնիսկ վստահությունը։

Ազնիվ մերժումը միշտ ավելի առողջ է, քան լուռ անհետանալը։

Ինչու՞ ենք մենք դա անում

Ինչու՞ է մարդկանց համար այդքան դժվար «ոչ» ասելը։

Կարծում եմ՝ պատճառն այն է, որ մենք գերագնահատում ենք տվյալ պահի սոցիալական գործարքը և թերագնահատում երկարաժամկետ սոցիալական կապիտալը։ Եթե ես քո երեսին «ոչ» ասեմ, մեր շփման հաջորդ երեսուն վայրկյանը կլինի անհարմար։ Եթե ասեմ «այո» ու հետո անհետանամ, լավամարդ կլինեմ առանց որևէ քայլ անելու։

Շատերն էլ փորձում են լինել «լավամարդ»՝մտածելով, որ մերժման դեպքում դիմացինը կնեղանա։ Ամեն դեպքում ազնիվ լինելը լավագույն որոշումն է, քանի որ, ի վերջո, երկու դեպքում էլ նեղանալու են։

Կեղծ «այո»-ն կործանարար է։

Հուսալիությունը ցանկացած հասարակության հիմքն է։ Երբ «այո»-ն դադարում է իրականում «այո» նշանակել, ամեն ինչ սկսում է քայքայվել՝ հարաբերություններից մինչև բիզնես։ Եթե չես կարող վստահ լինել մարդկանց խոսքին, գործարքային ծախսերը կտրուկ աճում են։ Դու ստիպված ես ամեն ինչ կրկնակի ստուգել։

Ստիպված ես պահեստային տարբերակներ ունենալ պահեստային տարբերակների համար։ Դու քո ողջ էներգիան ծախսում ես անորոշությունը կառավարելու վրա, երբ փոխարենը կարող ես արժեք ստեղծել կամ հարաբերություններ կառուցել։

Ավելին՝ սա նաև հոգեբանական բեռ է ստեղծում բոլոր կողմերի համար։ Մեկը ապրում է մեղքի զգացումով՝ իմանալով, որ խուսափում է պատասխանատվությունից, մյուսը՝ անընդհատ սպասման մեջ է, չհասկանալով՝ հույսեր կապել տվյալ մարդու հետ, թե՞ առաջ գնալ։ Եվ այդ անվերջ սպասումը շատ ավելի ծանր է, քան ցանկացած ազնիվ «ոչ»։

Ի վերջո, «ոչ» ասելը քաջություն է պահանջում, բայց այն ստեղծում է վստահություն, հստակություն և առողջ հարաբերություններ։ Իսկ «այո»-ն, որը չի կատարվում, պարզապես վարկաբեկում է թե՛ մարդուն, թե՛ համակարգը, որի մեջ նա գործունեություն է ծավալում։

«Լավամարդն» ընդդեմ «Հուսալի մարդու»

Պարադոքսն այն է, որ այն մարդիկ, ովքեր ամենաշատն են փորձում լինել «լավամարդ»՝ նրանք, ովքեր չեն կարողանում հիասթափեցնել ոչ մեկին, ի վերջո դառնում են ամենաիսկական «վատամարդիկ»։

Լինել «վատամարդ» հայկական ընկալմամբ՝ հաճախ նշանակում է պարզապես սահմաններ ունենալ։ Դա նշանակում է ասել. «Ես չեմ կարող դա անել» կամ «Ես դրա համար ժամանակ չունեմ»։ Խնդրողի համար սա սառը ցնցուղի պես մի բան է։ Բայց սա հիմնարար առումով ազնիվ է։

Մենք պետք է դադարենք ձգտել բոլորին հաճոյանալ և սկսենք ձգտել «կանխատեսելի լինել»։

Կանխատեսելի մարդը, ով 90% դեպքերում ասում է «ոչ», շատ ավելի արժեքավոր է, քան «լավամարդը» ով 100% դեպքերում ասում է «այո», բայց իրականացնում է դրանցից 0%-ը։ Առաջինը թույլ է տալիս համակարգ կառուցել, երկրորդը պարզապես «փուչիկ» է։

Հետևություններ

Ինքնաթիռի այդ կինը կարծում էր, թե ինքը խելացի է։ Նա կարծում էր, թե գտել է մի տարբերակ, որով և՛ կպահպանի «լավ հարևանի» իր անունը, և՛ կխուսափի պատասխանատությունից։

Նա չէր հասկանում, որ հենց նոր ոչնչացրեց այն ամենը, ինչ փորձում էր պաշտպանել։ Դու չես կարող լինել լավ հարևան կամ բարեկամ, եթե անընդհատ ստում ես։

Եթե մենք ուզում ենք կառուցել մեր հասարակության ավելի լավ տարբերակը կամ ստեղծել ավելի լուրջ գործարար միջավայր, մենք պետք է հաշտվենք «ոչ» բառի բերած անհարմարության հետ։

Մենք պետք է գիտակցենք, որ ամենավատ բանը, որ կարող ես անել, մարդուն սպասեցնելն է մի դեղի, որն իրականում դրված է հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող ծանրոցի մեջ։

Մի վախեցեք լինել այն մարդն, ով ասում է «ոչ»։ Այդ դեպքում գոնե մարդիկ կիմանան, որ երբ դուք ի վերջո ասում եք «այո», դա իրենից արժեք է ներկայացնում։