ՆԱԽԱՊԱՏՎԵՐ

Վեց տարվա զրույցներ։ Հիմա՝ թղթի վրա։

re:arrange-ի 300 հյուրերը՝ մեկ տպագիր գրքում։ Առաջին հրատարակությունն արդեն հասանելի է նախապատվերով։

re:arrange+՝ 3 ամիս անվճար

Ռեսուրսների գրադարան  · Էպիզոդների հատվածներ · Շաբաթական նորություններ

Նախապատվիրել | 7,900 ֏

Վճարում եք հիմա, իսկ գիրքը կառաքվի 2027-ի սկզբին։

June 12, 2025

«Քթի ծակով» առասպելական աշխատակիցը

Հավանաբար լսել եք գործատուներից,- «մեզ «քթի ծակով» աշխատող է պետք»։ Այս բավականին անորոշ տերմինը վերաբերում է մարդկանց, ովքեր ունեն իրավիճակը գնահատելու, արագ կողմնորոշվելու կարողություն, ունակ են որոշումներ կայացնել, փոփոխվող իրավիճակին հարմարվելով, և մշտական ուղղորդման կարիք չունեն։ Իրոք, գործատուներից շատերն են բողոքում, որ նման մարդ անչափ դժվար է գտնել։

Բայց միգուցե՞ խնդիրն աշխատակիցները չեն, այլ այն միջավայրը, որում նրանք ստիպված են գործել։ Հնարավո՞ր է, արդյոք, որ «քթի ծակի» պակասն անպատրաստվածության կամ պասիվության հետևանք չէ, այլ՝ ավելի խորը, համակարգային խնդրի ախտանիշ։

Պատկերացրեք որ մեքենա եք վարում մի ճանապարհով, որտեղ չեն գործում երթևեկության կանոնները, չկան գծանշումներ, լուսացույցեր։ Յուրաքանչյուր վարորդ սեփական ուժերով պետք է առաջնորդվի՝ ստիպված լինելով անընդհատ կանխատեսել այլ վարորդների անսպասելի քայլերը։ Սթրեսն անտանելի կլիներ, վթարի ռիսկը՝ միշտ առկա։ Անընդհատ լարված վիճակում դուք միլիոնավոր վայրկյանական որոշումներ պետք է կայացնեիք՝ պարզապես անվտանգ մնալու համար։

Հիմա համեմատեք դա, օրինակ, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում պատշաճ կարգավորված քաղաքի փողոցներով երթևեկելու հետ։ Ճանապարհները գծանշված են, լուսացույցերը կարգավորում են մեքենաների հոսքը, գործում են հաստատված կանոններ, որոնց բոլորը հետևում են։ Դուք պարտավոր չեք օրական միլիոնավոր որոշումներ կայացնել. համակարգն աշխատում է ձեր փոխարեն` կարգավորելով դրանց մեծ մասը։ Դուք հնարավորություն ունեք կենտրոնանալ ճանապարհորդության վրա, այլ ոչ թե՝ շրջակա քաոսի։

Ի՞նչն է տարբերությունը։ Համակարգերը։

Նույն համեմատականը կարելի է անցկացնել նաև աշխատավայրերի միջև։ Առանց հստակ ձևակերպված համակարգերի և ընթացակարգերի՝ կազմակերպությունները վերածվում են քաոտիկ ճանապարհների։ Այդ պարագայում ստիպված ենք հույսն ամբողջությամբ դնել «քթի ծակ» ունեցողների վրա, ովքեր ունակ են այդ քաոսում կարգուկանոն հաստատել։ Մեր սպասումները սակայն, այս աշխատակիցների վրա անհավանական ծանր, երկարաժամկետում` անիրատեսական բեռ են դնում: Սա իր հերթին հանգեցնում է հոգեբանների կողմից հաճախ օգտագործվող «որոշումների հոգնածություն» վիճակին, երբ անթիվ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը սպառում է մտավոր էներգիան, դառնում սխալների, անգործության և ավելացող լարվածության պատճառ։

Կամ, երբ ձեր ղեկավարը հայտարարում է որ այսուհետ գործում է «նոր կանոն», բայց երկու շաբաթ անց ամեն ինչ աննկատելիորեն վերադառնում է նախկին վիճակին, կամ երբ նա տարին երկու անգամ լուրջ դեմքով խոստանում է մեծ փոփոխություններ, որոնց մասին մի քանի շաբաթ անց ոչ ոք չի էլ հիշում՝ դա պայմանավորված չէ նրանով, որ մարդիկ իրենց բնույթով հակված են դիմադրել փոփոխություններին։ Պատճառն այն է, որ իրական և տևական փոփոխության համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան համակարգեր, ներդնել գործընթացներ և ձևավորել սովորություններ, որոնք կօգնեն աշխատացնել դրանք։ Հայտարարությունը համակարգ չէ։ Հանձնարարականն ընթացակարգ չէ։ Կառուցվածքային հիմք չունեցող նոր հրահանգները «ջուրը քշում, տանում է»։

Այսպիսի անկազմակերպվածության թաքնված ծախսերն ու վնասները զգալի են։ Աշխատակիցների մոտիվացիան և աշխատանքներում ներգրավվածությունը նվազում են, նրանց ինքնագնահատականը տուժում է՝ վերջնաժամկետներից անընդհատ հետ ընկնելու կամ ոչ ճիշտ գնահատված լինելու պատճառով, վատնվում են արժեքավոր ժամանակն ու ռեսուրսները։ Անհետևողականությունը դառնում է նորմա, հաշվետվողականությունը՝ անորսալի, զարգանալու և աճելու հնարավորությունները՝ գրեթե անհնար։

Դա նույնն է, թե տուն կառուցելիս առանց նախագծի բանվորներին ասեք, - «ինքներդ հասկացեք՝ ինչ է պետք անել»։ Շենքն արդյունքում գուցե պատեր և տանիք ունենա, բայց հիմքը հաստատ խարխուլ կլինի։ Կառուցված անորակ շենքը հենց ձեր ստեղծած համակարգի, կամ ավելի շուտ դրա բացակայության, ուղղակի արդյունքն է։ Նույն սկզբունքը գործում է նաև մեր կազմակերպություններում։ Աշխատակիցների ցուցաբերած արդյունքները հաճախ հենց այն համակարգերի արտացոլումն են, որոնց շրջանակում նրանք ստիպված են գործել։ Թերի կամ խափանված համակարգի պայմաններում կատարյալ արդյունքներ ակնկալելը տրամաբանական չէ։

Իհարկե, ամեն ինչ չէ, որ կարելի է համակարգել։ Մշակույթը նույնպես կարևորագույն տարր է, որը հաճախ լրացնում է համակարգերի բացերը։ Սակայն մշակույթը քննարկման առանձին թեմա է։ Առայժմ կարևոր է գիտակցել, որ մեր «աշխատակիցների հետ կապված խնդիրներից» շատերը ավելի խորը, չհասցեագրված համակարգային խափանումների ախտանիշներ են։

Այսպիսով, «քթի ծակով» առասպելական աշխատակից փնտրելու փոխարեն, գուցե ժամանակն է հարցնել՝ ի՞նչ համակարգեր կարող ենք ստեղծել, որպեսզի ցանկացած կոմպետենտ մարդ կարողանա հաջողել։ Ինչպե՞ս ձևավորենք մի միջավայր, որտեղ սթրեսն ու լարվածությունը նվազագույնի են հասցվում, որոշումները հստակ են, իսկ քաոսը փոխարինվում է հետևողական և կանխատեսելի առաջընթացով։